ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՓԱՐԻԶԻ ԵՎ Օ ԴԸ ՍԵՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Image

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել էր Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների պատվիրակությանը, որի կազմում էին Փարիզի փաստաբանների միության նախագահ Ժուլի Կուտուղիեն, Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ Վենսան Նիորեն, Փարիզի փաստաբանների միության խորհրդի անդամ Էմմանուէլ Էսկաղ Դը Ռոմանովսկին, Օ-Դը-Սենի փաստաբանների միության նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանին, փոխնախագահ Ֆաբիեն Առաքելյանը, Օ Դը Սենի փաստաբանների միության նախորդ նախագահ Միշել Գիշաղը:

Վերջիններիս խնդրանքով, ապրիլի 23-ին ՀՀ Փաստաբանների պալատի ներկայացուցիչները՝ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանի և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի գլխավորությամբ ֆրանսիացի գործընկերներին ուղեկցել են Սյունիքի մարզ՝ մասնավորապես Տեղ համայնք՝ ծանոթանալու Հայաստանի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին:

Հայաստանի և Ֆրանսիայի փաստաբանների պատվիրակություններին համայնքում դիմավորել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ ներկայացրել Ադրբեջանի  կողմից ուղիղ նշանառության տակ գտնվող հայկական սահմանամերձ գյուղերում տիրող լարված իրավիճակն ամենայն մանրամասնություններով:

Ուշագրավն այն է, որ փաստաբանների այցը համընկավ նոր սարսափելի իրողության հետ: Սյունիքի մարզի Տեղ համայնքում երկու երկրների պատվիրակություններն արձանագրել են Ադրբեջանի հերթական ագրեսիան:

Ադրբեջանական ուժերը փակել էին Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների և ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։
 Ըստ էության, դա վերջին այլընտրանքային ճանապրհն է Հայաստանի և Արցախի միջև:

Ավելորդ չէ, հիշեցնել, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները ամրապնդված են նաև երկու երկրների փաստաբանների պալատների միջև:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկումների ընթացքում, նրանց ներկայացրել են ադրբեջանական ուժերի կողմից մշտապես արձանագրվող ոտնձգությունները հայ ժողովրդի և հայկական տարածքների նկատմամբ:

Հայ գործընկերները Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը նաև ծանոթացրել են Հայաստանի պատմամշակութային վայրերին, եկեղեցիներին: 

Ապրիլի 24-ին Փարիզի և Օ դը Սենի փաստաբանների միությունների պատվիրակությունը, Հայաստանի Փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ միասին այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այնուհետև ֆրանսիացի գործընկերները դարձյալ հյուրընկալվել են  ՀՀ Փաստաբանների պալատում, ապա Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում:

 Ամփոփելով Հայաստան կատարած այցը, Ֆրանսիայից ժամանած փաստաբանների պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին՝ ջերմ ընդունելության, բարեկամական հարաբերությունների և Հայաստանի գողտրիկ վայրերում մշակութային այցելություններ կազմակերպելու համար:

Հանդիպման ավարտին Փարիզի փաստաբանների միության փոխնախագահ Վենսան Նիորեն և Օ դը Սենի փաստաբանների միության նախագահ Իզաբել Կլանե Դի Լամանին հայ գործընկերներին հայտնել են, որ Ֆրանսիա վերադառնալուն պես ամենատարբեր հարթակներում կբարձրաձայնեն Հայաստանում արձանագրած իրավիճակը, քանի որ իրենք խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան Հասյաստանի սուվերեն տարածքի և խաղաղ բնակչության նկատմամբ: