ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Image

Լրատվական միջոցներով շրջանառվում է Փաստաբանական դպրոցի կրթական որակի վերաբերյալ մտահոգություններ, որոնց կապակցությամբ հայտնում ենք հետևյալը․

Ունկնդիրների քանակի, փաստաբանների հետ հարաբերակցության, դպրոցի ուսման վարձի և այլնի վերաբերյալ։

Այսպես, ունկնդիրների թվաքանակի սահմանմանը վերաբերող մտահոգությունների կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ քանակը որոշվում է պատշաճ ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական պայմանների, որակյալ կրթություն կազմակերպելու և դրանցից բխող այլ հանգամանքներից ելնելով։

Գրեթե բոլոր կրթական ծրագրեր իրականացնող կառույցներում մոտեցումները նույնն են (նմանատիպ հարցադրումներ կարելի է ուղղել ցանկացած ուսումնական հաստատության, թե ինչու հատկապես այդքան թվով ուսանող)։

Իսկ ինչ վերաբերում է բնակչություն-փաստաբաններ հարաբերակցությանը, ապա դրա մասին նույնպես բազմիցս խոսվել է։ Օրինակ մեր երկրի 100.000 բնակչին ներկայումս բաժին է հասնում 69 փաստաբան, իսկ այլ երկրներում, օրինակ Իսրայելում փաստաբանների թիվը գերազանցում է 900-ը, Իտալիայում և Հունաստանում՝ 300-ը, Գերմանիայում՝ 200-ը: Նույնիսկ զարգացած երկրներում նույն մոտեցումն է, քանի որ փաստաբանությունն ազատ մասնագիտություն է, և որևէ մեկը իրավունք չունի սահմանափակելու նրանց թիվը, խոչընդոտելու աշխատանքի ընտրության ազատությանը:

Ինչ վերաբերում է «նախորդ տարիներին սովորած ունկնդիրներին աշխատանքով ապահովելու» մտահոգությանը, ապա այն ինքնին խնդրահարույց է,  քանի որ թյուր տպավորություն կարող է ստեղծվել հանրության մոտ, որ  փաստաբանը պետք է ապահովվի աշխատանքով որևէ մարմնի կողմից։ Այս մոտեցումը բնորոշ է պետական կառավարման համակարգին, բայց ոչ փաստաբանի ազատ մասնագիտությանը։

Պետք է նշել, որ նման կարգավորում կամ պահանջ իրականում չի կարող գոյություն ունենալ, քանի որ փաստաբանն ինքնուրույն է կազմակերպում իր  գործունեությունը։ Ուստի արդարացի չէ շահարկել փաստաբանին աշխատանքի տեղավորելու հարցը։

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանի արտոնագիր ունեցող անձանցից 2082-ը ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքէջում նշված են որպես գործող, իսկ 341-ը՝ կասեցված։

Այսինքն, կարելի է փաստել, որ զբաղվածության կամ գործունեության կազմակերպման ճգնաժամ առկա չէ, քանի որ ՀՀ-ում փաստաբանական գործունեության արտոնագիր ունեցող անձանցից մոտ 86 տոկոսը իրականացնում է գործունեություն։ Ավելին, փաստաբանների պահանջարկի մասին է վկայում փաստաբանական գրասենյակների կողմից նոր փաստաբաններով համալրվելու պարբերաբար ներկայացվող առաջարկները։

ՀՀ փաստաբանների պալատը իրականացնում է նաև «Երտասարդ փաստաբանների աջակցման» ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդ փաստաբաններին՝ մասնագիտական ոլորտում արագ ինտեգրվելու համար։ Ծրագրի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատը երիտասարդ փաստաբաններին տրամադրում է աշխատասենյակ, որը կարող է օգտագործվել միայն փաստաբանական գործունեություն ծավալելու նպատակով, և աշխատասենյակն օգտագործելու ժամանակահատվածում փաստաբանը համաձայնվում է Հանրային պաշտպանի գրասենյակի առաջարկով անվճար իրավաբանական օգնություն տրամադրել քաղաքացիներին։

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե իրավաբանական ծառայությունների մատուցման շուկան քանի՞ նոր փաստաբանի կարիք ունի, ապա  նման հարցադրումն ինքնին տեղին չէ։ Աշխարհում ոչ մի պետություն չունի և չի կարող ունենալ այնպիսի մոտեցում, որ իր երկրում սահմանի կոնկրետ թվաքանակով փաստաբան։ Փաստաբանն ազատ է իր գործունեության մեջ, ինչպես սկսելու, այնպես էլ դադարեցնելու այն։ Փաստաբանների քանակը որևէ կերպ չի կարող ազդել շուկայում պահանջարկի գնահատման վրա։ Մեր երկրում տարեկան ավարտում են հազարավոր իրավաբաններ, տնտեսագետներ և այլ մասնագետներ, և որևէ մեկի մտքով չի անցնում հաշվել, թե մեր երկրին քանի՞ իրավաբան է պետք կամ քանի տնտեսագետ և, ըստ այդմ՝ թե ինչու են ԲՈՒՀ-երը ամեն տարի ընդունում ուսանողներին։ Առհասարակ ազատ շուկայական տնտեսության պայմաններում ազատական է նաև աշխատաշուկան։

Կրկին տեղին է նշել, որ յուրաքանչյուր ոք ազատ է իր կրթության և աշխատանքի ընտրության հարցում։

Փաստաբանական դպրոցի շրջանավարտների թվաքանակը ստեղծման օրվանից առ այսօր էականորեն չի փոփոխվել սակայն դիմորդների թվաքանակը շեշտակի աճել է շուրջ 300 տոկոսով։ Ակնառու է, որ դա պայմանավորված է այս մասնագիտության պահանջարկով։ Մյուս կողմից, դիմորդների քանակը ապահովում է ընդունելության բարձր մրցակցություն։ Օրինակ՝ 2019 թվականի աշնանային հոսքի քրեաիրավական ուղղվածության գրավոր քննության անցողիկ միավորը կազմել է 140՝ ընդհանուր 150-ից, որն անհամեմատ ավելի բարձր ցուցանիշ է, քան նախկինում, երբ միջինը կազմում էր 119 միավոր։ Հարկ է նշել նաև, որ Փաստաբանական դպրոց ընդունվում են դիմորդների 1/3-ը (Տես՝ գծապատկերը) որոնցից մոտ 10 տոկոսը առաջադիմությանը ներկայացված պահանջներից ելնելով՝ չեն ավարտում դպրոցը։ Նշվածին պետք է գումարել նաև ՀՀ փաստաբանների պալատի կողմից որակավորման քննություններին բացասական արդյունքներ արձանագրած ունկնդիրներին, որոնք ևս 15 և ավելի տոկոս են կազմում։

Ինչ վերաբերում է ուսման վարձի չափին, դրա գոյացմանը, ապա հարկ է փաստել, որ այն ձևավորվում է այն նույն չափորոշիչներով, որոնցով ձևավորվում է որևէ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպության ուսման վարձ (ուսումնական գործընթացի կազմակերպման համար իրականացվող ծախսեր)։ Ավելորդ չծանրաբեռնելով տնտեսագիտական հաշվարկներով՝ ընդամենը համեմատության համար կարելի է թվարկել մի քանի իրավաբանական մագիստրոսական ծրագիր իրականացնող կազմակերպություն, դրանց ուսումնական բեռնվածությունը և վարձավճարը և համեմատել դրանք։

Օրինակ, Երևանի պետական համալսարանի իրավագիտություն մասնագիտությամբ մագիստրատուրայի ուսումնական լսարանային բեռնվածությունը կազմում է տարեկան 130 ակադեմիական ժամ, իսկ, ի տարբերություն նշվածի,  Փաստաբանական դպրոցի միայն տեսական փուլի ուսումնական բեռնվածությունը կազմում է միջինը 300 ակադեմիական ժամից ավելի։ Դրան գումարվում են բնականաբար ուսումնական մնացած բաղադրիչները՝ պարտադիր դատախաղեր, իրավաբանական կլինիկայի միջոցառումներ, ընդհանուր պրակտիկա և այլն, որոնք նույնպես զգալի ծավալ են կազմում։

Ուսման վարձը Փաստաբանական դպրոցում մեկ տարվա համար կազմում է 600 000 ՀՀ դրամ, իսկ մեկ տարվա իրավաբանական մագիստրատուրայում ուսման վարձը կազմում է՝  

ԵՊՀ-ում՝ 870 000 ՀՀ դրամ,

Սլավոնական համալսարանում՝ 750 000 ՀՀ դրամ,

Ամերիկյան համալսարանում՝ 1500 000 ՀՀ դրամ։

Սակայն հարկ է նկատել, որ ի տարբերություն նշվածների՝ Փաստաբանական դպրոցը նշված գումարից վճարում է նաև ԱԱՀ, ինչն արդեն 20 տոկոսով կրճատում է մուտքագրվող դրամական միջոցները։  

Բացի այդ, Փաստաբանական դպրոցում գործում է զեղչերի և արտոնությունների համակարգ, այդ թվում՝ անվճար սովորելու հնարավորություն։

Միայն թվարկած հանգամանքները, կարծում ենք, բավարար են, որպեսզի ակնհայտ դառնա, որ Փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը, հաստատելով ուսման վարձի չափը, ունեցել է բավարար հիմնավորումներ ։

  ՀՀ փաստաբանական դպրոցի աշխատակազմը համալրված է 14 անձանցով (չհաշված դասախոսական անձնակազմը), որոնք աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով՝ նկատի ունենալով, որ դպրոցում աշխատանքը սկսվում է 10։00-ից և ավարտվում 22։00-ին։

Ավելին, տարեցտարի հագեցվող ուսումնական գործընթացն ու կիրառվող ուսուցման ձևերը (հեռավար ուսուցման հարթակ) օբյեկտիվորեն առաջ են բերում աշխատակազմի համալրման անհրաժեշտություն։ 

Իսկ այն հանգամանքը, որ աշխատակազմից որոշ անձինք զբաղվում են փաստաբանական գործունեությամբ, ինչը չի խոչընդոտում Փաստաբանական դպրոցի բնականոն գործունեությանը, ապա դա միայն ողջունելի է։

  ՀՀ փաստաբանական դպրոցի նյութատեխնիկական հագեցվածությունը, այդ թվում տրանսպորտային միջոցի անհրաժեշտությունը, բխում է կազմակերպության բնականոն գործունեության ապահովումից։ Իսկ Փաստաբանական դպրոցի միջոցների տնօրինման, այդ թվում՝ դրանց ձեռքբերման,  արդյունավետության վերաբերյալ հարցերը քննարկվում և լուծում են ստանում բոլորովին այլ մարմնում՝ դպրոցի կառավարման խորհրդում։ Հարկ չկա հատուկ թվարկելու, թե ինչպես կարող է տրանսպորտային միջոցը օգտագործվել կրթական ծրագիր իրականացնող հաստատությունում։ Հավանաբար՝ նույն անհրաժեշտությամբ, ինչ՝ Արդարադատության ակադեմիայում կամ ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում կամ ցանկացած այլ ուսումնական հաստատությունում։

Ինչ վերաբերում է Փաստաբանական դպրոցի դասախոսների ընտրության կարգին, ապա այն ընդունվել է դեռևս  2012 թվականին, որտեղ, բնականաբար, կարևորվում է դասախոսի մասնագիտական փորձառությունը, գիտական գործունեություն ծավալելու հանգամանքը, տվյալ ոլորտում գործնական փորձառությունը և այլն։

Փաստաբանական դպրոցը պարբերաբար մշտադիտարկում է իրականացնում որակի գնահատման համատեքստում, որի համար ներդրվել է հատուկ էլեկտրոնային հարթակ։ Որակի գնահատման համակարգի մի մասնիկ է/մասն է հանդիսանում նաև հարցումներն ունկնդիրների շրջանում, որն իրականացվում է վերոնշյալ հարթակի միջոցով, անանուն և մշտապես, իսկ դրա արդյունքները վերլուծվում են ինչպես վարչակազմի կողմից, այնպես էլ վարչակազմից դուրս՝ ունկնդիրների խորհրդում։ Այս գործընթացը շարունակական է։

Ինչ վերաբերում է որակի հետ կապված հարցերին, ապա հարկ է ընդգծել, որ ընդհանրապես որևէ կրթական ծրագրի որակի գնահատումն իրենից բավականին բարդ և բազմատարր գործընթաց է ենթադրում, սկսած նրանից թե ինչ ասել է «որակ», ինչ գործիքակազմով և ինչ մակարդակում ենք այն «չափում» և այլն,  հետևաբար տեղին և արհեստավարժ չեն առանց հատուկ համակարգային գնահատման որևէ մակարդակով պնդումները կրթության որակի մասին։

Պետք է նշել, որ դպրոցի գործող կարգավորումներն օրինակ են նմանատիպ կառույցների համար օրինակ՝ դատական դեպարտամենտը որդեգրել է նույն մոտեցումը և դատավորների թեկնածուների ուսուցման ընդունելության քննություններն անցկացնում է որակավորման քննությունների ձևաչափով՝ փաստելով դրա օբյեկտիվության և արդյունավետության բարձր մակարդակը։

Տարբեր երկրների պատվիրակություններ ուսումնասիրում են Փատաբանական դպրոցի փորձը սեփական երկրում ներդնելու համար։ Փաստաբանական դպրոցի կրթական գործընթացի արդյունավետության մասին բազմիցս նշել են նաև միջազգային գործընկերները՝ Եվրոպայի խորհրդի և Եվրամիության փորձագետները, Համաշխարհային բանկը, գործընկեր առաջատար երկրների փաստաբանական պալատները, տարբեր երկրների համանման կառույցները (Փարիզի փաստաբանների դպրոց, Իռլանդիայի փաստաբանների համայնքի ուսումնական կենտրոն, Նոթինգհեմի համալսարան և այլն):

Կարծում ենք, ինքնին խոսուն են վերոնշյալ կառույցների դրական արձագանքները, քանի որ վերջիններս ընկալում են կրթական գործընթացներն իրենց ողջ խորությամբ ու առանձնահատկություններով, հետևաբար՝ նրանց գնահատականներն արդեն սիրողական մակարդակի չեն։  

 

 

* 2018թ․աշնանային հոսքի, 2019թ․գարնանային հոսքի, 2019թ․ աշնանային հոսքի  ունկնդիրները դեռ չեն ավարտել ուսուցումը Փաստաբանական դպրոցում։

 

Ռոման Ահարոնյան,

Տնօրենի ուսումնական հարցերով տեղակալ